ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փեսա և ՈՒկրաինայի շուրջ բանակցություններում Սպիտակ տան հատուկ բանագնաց Ջարեդ Քուշները սուր քննադատության է արժանացել ՈՒկրաինայում ու Եվրոպայում: Պուտինին անվանելով «քաղաքականության գրոսմայստեր»՝ նա ռուս-ուկրաինական հակամարտությունը բնութագրել է որպես միջնորդավորված պատերազմ, որտեղ Եվրոպան ֆինանսավորում և զինում է ՈՒկրաինային՝ Ռուսաստանին դիմակայելու համար։               
 

ԵՄ խորհուրդը վերահաստատել է շարունակական աջակցությունը Հայաստանին

ԵՄ խորհուրդը վերահաստատել է շարունակական աջակցությունը Հայաստանին
26.11.2018 | 23:54

ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը հանդիպել է Յուտա Էդթհոֆերի գլխավորած ԵՄ խորհրդի՝ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի աշխատանքային խմբի պատվիրակությանը:


Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Արդարադատության նախարարության կողմից դատաիրավական ոլորտում իրականացվող բարեփոխումներին: Յուտա Էդթհոֆերի խոսքով՝ Հայաստանը կարևոր ժամանակաշրջանում է՝ պայմանավորված ընտրական գործընթացներով, և պատվիրակությունն այստեղ է՝ վերահաստատելու իրենց կառույցի շարունակական աջակցությունը բարեփոխումների ծրագրերին: Նախարարի առաջին տեղակալը վստահեցրել է, որ, անկախ քաղաքական գործընթացներից, դատաիրավական ոլորտի բարեփոխումներն առաջնային են Հայաստանի Հանրապետության համար, քանի որ բխում են քաղաքացիների շահերից: Արթուր Հովհաննիսյանը գործընկերներին ներկայացրել է ոլորտում կատարված բարեփոխումները, որոնք առաջին հերթին հասցեագրված են անկախ և օրենքի առջև հաշվետու դատական իշխանության ամրապնդմանը: Որպես առաջիկայում նախատեսվող գործընթացներ՝ փոխնախարարը նշել է դատավորների թվաքանակի ավելացումը, աշխատավարձերի վերանայումը, ամբողջությամբ էլեկտրոնային ծանուցումերի և էլեկտրոնային արդարադատության համակարգերի ներդրումը, անվճար իրավաբանական օգնության համակարգի զարգացումը: Նա անդրադարձել է սնանկության վարույթի հետ կապված նախատեսվող փոփոխություններին, որոնք ուղղված են վարույթի ժամկետների և ծախսերի էական կրճատմանը, թափանցիկության և սնանկության գործով կառավարիչների գործողությունների հաշվետվողականության բարձրացմանը:


Ամփոփելով դատաիրավական բարեփոխումներին ուղղված աշխատանքների ներկայացումը՝ Արթուր Հովհաննիսյանը վստահություն է հայտնել, որ այդ գործընթացներն իրենց դրական ազդեցությունը կունենան նաև Հայաստանում գործարար միջավայրի բարելավման վրա՝ միաժամանակ ընդգծելով, որ բարեփոխումները ունեն նաև լուրջ հակակոռուպցիոն ազդեցություն:
Անդրադառնալով առաջիկա անելիքներին և օժանդակություն պահանջող կարիքներին՝ փոխնախարարն ընդգծել է քաղաքացիական, վարչական դատավարությունների, կատարողական վարույթի, մի շարք այլ օրենքների մշակման առնչությամբ հնարավոր աջակցության անհրաժեշտությունը, այնուհետև պատասխանել գործընկերներին հետաքրքրող հարցերին:


Յուտա Էդթհոֆերը շնորհակալություն է հայտնել Արթուր Հովհաննիսյանին դատաիրավական բարեփոխումների ընթացքը հանգամանալից ներկայացնելու համար և ընդգծել, որ պատրաստակամ են հետագայում ևս սերտ համագործակցել նախանշված ուղղություններով՝ բարեփոխումների անկասելի ընթացքը ապահովելու համար:

Դիտվել է՝ 526

Մեկնաբանություններ